ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՒ ՄԱՏԱՂՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՀՐ ՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Կիրակի` 3 սեպտեմբեր 2023-ին, Ռուհր Շրջանի Հայ Համայնք այցելեց, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։

Առաջնորդ Սրբազանը քարոզեց` նյութ ունենալով օրվա ավետարանական հատվածը` Հացի բազմացումը:

Սրբազանը իր քարոզում մասնավորապես ընդգծեց.

«Բնական է, որ մարդիկ հացի կարիք ունեն, ուտելիքի կարիք ունեն։ Հիսուս էլ նրանց հաց տվեց։ Սակայն Հիսուս չի բավարարվում միայն նյութական հացով։ Մարմնավոր կարիքները կարևոր են կյանքում, բայց եթե դրանք դարձնենք կյանքի նպատակ, ապա անհրաժեշտ է, չասելու համար, անիմաստ է մեր կյանքը։ Այս աշխարհը մինչև հիմա չի գոյատևել ու զարգացել այն մարդկանց միջոցով, որոնք հոգացել են միայն մարմնավոր կարիքները, փորի խնդիր են լուծել։ … Քրիստոնյաներիս համար Հիսուս Աստծո կատարյալ ներկայությունն է երկրի վրա։ Մենք հրավիրված ենք միշտ հիշելու, որ Հիսուս է կյանքի իսկական հացը…»։

Սբ. Պատարագի ավարտին կատարվեց Խաղողօհնեքի և Մատաղօրհնության կարգ, ինչպես նաև Հանրապետական Մաղթանք` Արցախի Անկախության տոնի առթիվ, որից հետո ներկա հավատացյալները մասնակցեցին Համայնքիս վարչության կողմից պատրաստված սիրո ճաշին։

Սրահում Համայնքիս ատենապետ տիար Մատթեոս Դավթյանը ողջունեց և իր երախտագիտությունը հայտնեց Առաջնորդ Սրբազանին` հովվական այցելության համար և հայցեց Սրբազան Հոր հայրական օրհնությունը վարչության հետագա գործունեության համար, ինչպես նաև բարի գալուստ մաղթեց Թեմական խորհրդի Ատենապետ տիար Օրհան Բառլըքին, Փոխատենապետ տիար դոկ. Ռաֆֆի Բեդիկյանին, Քյոլնի Հայ Համայնքի Փոխատենապետ Բարեշնորհ Պետրոս սարկավագ Կարինյանին և ներկա համայնքայիններին։

Միասնական ճաշի ընթացքում ազգային-ժողովրդական պարային կատարումով հանդես եկան Համայնքիս երիտասարդները։

ՀԱՄԱՅՆՔԻՍ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ