Lade Veranstaltungen
Diese Veranstaltung hat bereits stattgefunden.

Սուրբ Պատարագ (Համառոտ բացատրություն)

Սուրբ Պատարագի խորհուրդը Վերջին ընթրիքի ժամանակ հաստատեց Հիսուս Քրիստոս: Նրա զոհաբերության խորհուրդն է Պատարագը, որով ամեն հավատացյալ հոգով վերապրում է Նրա տառապանքը և Նրա անսահման սերը մարդկանց հանդեպ, որոնց համար Ինքը զոհվեց։ Սուրբ Պատարագը Սիրո խորհուրդն է, որովհետև դրանով Հայր Աստված սրբագործված հացն ու գինին Ս. Հոգու ներգործությամբ վերածում է Իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը՝ դրանք բաշխելով ու ճաշակողներին միավորելով Իր հետ։

Պատարագի արարողության գիրքը կոչվում է Պատարագամատույց կամ Խորհրդատետր։ Պատարագի արարողության կարգը առաջին երեք դարերում ընդհանուր էր բոլոր քրիստոնեական եկեղեցիներում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Կեսարիայից բերելով Բարսեղյան պատարագամատույցը, այն ավանդեց Հայ Եկեղեցուն։ Ժամանակի ընթացքում այդ պատարագամատույցը հայացվել և մշակվել է Հայ Եկեղեցու հայրերի կողմից և այսօր էլ օգտագործվում է մեր եկեղեցում։ Սուրբ Պատարագի արարողությունը, ըստ հայոց Պատարագամատույցի, բաժանվում է հետևյալ մասերի.

Ա. Պատրաստություն,

Բ. Ճաշու պաշտոն,

Գ. Կանոն Սբ Պատարագի,

Դ. Արձակում։

Պատարագին մասնակցող գլխավոր դերակատարները պատարագիչ քահանան, սարկավագը և դպիրներն են։ Դպիրները ներկայացնում են ժողովրդին, և այն, ինչ երգում են, արվում է ժողովրդի անունից, լինի դա պատասխան, թե գոհունակության արտահայտություն, թե խնդրանք։ Պատարագիչ քահանայի և ժողովրդի, այսինքն՝ դպիրների միջև միջնորդը սարկավագն է՝ քահանայի օգնականը և սպասավորը։